Մամուլում տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ և տեղեկացավ, որ քաղաքացիների մի խումբ 2-3 օր է գտնվում էր ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, որը, վրացական կողմի պնդմամբ, խաթարում էր անցակետի բնականոն աշխատանքը։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել են ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։