Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն
Advertisement 1000 x 90

Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը արտակարգ դրությունը երկարաձգելու հարցով ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործարկվի, կվերաբացվեն առևտրի բոլոր կետերը: Նիստին ներկա են Աժ 132 պատգամավորներից 80-ը:

«Հանրային սննդի կետերը կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում: Կգործեն բացօթյա պատմամշակութային վայրերը, կլինեն մի քանի այլ թուլացումներ»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը հայտարարեց, որ, քանի որ աշխատող մայրերի համար երեխաների տանը մնալը խնդիր է, կառավարությունը որոշել է վերաբացել նաև նախակրթարանները:

«Սակայն շեշտեմ, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների պահպանմամբ, որոնք խախտելը հանգեցնելու է պատասխանատվության»,- ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց, որ հանրային բաց ու փակ բոլոր տարածքներում դիմակ կրելը մայիսի 25–ից դառնալու է պարտադիր, իսկ չկրողները տուգանվելու են: Ավինյանը նշեց` պարտադիր չէ, որ դիմակները լինեն բժշկական, եռաշերտ: Դրանք կարող են նաև լինել տնային պայմաններում կարված, ինքնաշեն:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ՀՀ կառավարությունն առաջարկում էր մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարձգել ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:

Կառավարության ընդունած որոշումն այժմ քննարկվում է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն ավելացել է 142–ով և դարձել 3860։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 և մահվան 21 անուղղակի դեպք:

armeniasputnik.am