Պարետատունը հրապարակել է, թե նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 18-ից ինչպես պետք է օգտվել հասարակական տրանսպորտից։
«Արմենպրես»–ը ներկայացնում է առավել էական կետերը։
Վերգետնյա հասարակական տրանսպորտ
Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:
Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։
Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):
Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոցներ կրելու:
Տրանսպորտային միջոց նստելիս ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։
Տաքսի
Արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:
Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն
Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:
Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:
Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո պետք է իրականացվի վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:
Օրական առնվազն 3 անգամ պետք է իրականացվի կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:
Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
Լիլիթ Դեմուրյան