ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ պետք է անեն արտերկրում գտնվող ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և, ըստ հնարավորության, նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp։ Առաջին իսկ հնարավորության դեպքում տվյալ երկրի դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին»,- գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար: Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։
«Արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին հորդորում ենք կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով»,- նշել է Շուշան Ստեփանյանը։
ՀՀ ՊՆ և ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։ Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներից և նրանց ծնողներից ստացել է տասնյակ զանգեր, որոնք ուղղորդվել են ըստ կարգի։
Լիլիթ Դեմուրյան