Պատմուճանը
Advertisement 1000 x 90

Պատմուճանը

Մի բարեպաշտ արհեստավոր աղոթում է, որպեսզի Երկնավոր Հայրն օգնի հանապազօրյա հացը վաստակելու: Աստված լսում է նրա աղոթքը: Եվ մի շինականի միջոցով գեղեցիկ հախճապակյա ափսեներ է որպես նվեր ուղարկում:

Բարեպաշտ մարդն ուրախանում է, այդ ափսեները շուկայում վաճառում և փոքրիկ գումար վաստակում, ետ դառնում տուն` գոհություն հայտնելով Աստծուն և որոշելով այդ գումարից մի փոքր էլ հատկացնել իրենց գյուղի եկեղեցու համար: Ճանապարհին ավազակներ են հայտնվում, հափշտակում այս մարդու գումարը և մի պատառոտված, փոշոտ պատմուճան թողնելով հեռանում: Արհեստավորը շատ է տխրում և ասում.

– Տե՛ր Աստված, մի փոքրիկ գումար էի վաստակել, սակայն այս փորձանքն եղավ: Այժմ դատարկաձեռն եմ վերադառնում ու հոգևոր նպատակների համար էլ ոչինչ չեմ կարող անել: Իբրև մխիթարություն վերցնում է պատառոտված պատմուճանը, գցում ուսին, մտքերով տարված շարունակում ճանապարհը: Թագավորական գնդի զինյալ հեծյալներ են մոտենում և շրջապատում` բարձրաձայն ասելով.

– Ահա գտանք նրան:

Արհեստավորը սրտատրոփ մտածելով, որ այս անգամ էլ մի նոր փորձանք է իրեն սպասում, դողդոջուն ձայնով հարցնում է, թե ո՞ւմ գտաք: Հեծյալներից մեկն իջնում է ձիուց և պատասխանում.

– Մեր թագավորը ժառանգ չուներ և իր կտակի համաձայն` ավազակների կողմից գողացված այն պատմուճանն ով գտնի և կրի իր ուսերին, որն այժմ դու ես կրում, պետք է ժառանգի նրա կարողությունը և թագավորությունը: Այժմ դու ես մեր արքան:

Աստծո առատաձեռնությունն ու կամեցողությունն անսահման են մարդու հանդեպ…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am