Օրենք, որից դժգոհ են բոլորը. օնլայն տաքսիները Հայաստանում կարող են «մահանալ». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Օրենք, որից դժգոհ են բոլորը. օնլայն տաքսիները Հայաստանում կարող են «մահանալ». armeniasputnik.am

Տաքսի ծառայությունների ոլորտը կանոնակարգելու` ՀՀ կառավարության փորձը կարող է նոր անցանկալի հետևանքների հանգեցնել: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նման տեսակետ հայտնեցին Yandex.Taxi թիմի հայաստանյան գրասենյակից:

Նրանց համոզմամբ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած օրենքի նախագծը (ընդունվելու պարագայում) լրջագույն սոցիալական ազդեցություն կունենա օնլայն հարթակների հետ համագործակցող տասնյակ հազարավոր տաքսիստների համար:

«Մենք հասկանում ենք նախարարության նպատակները, այն է՝ շուկան դարձնել «սպիտակ», թափանցիկ, որակյալ ու կառավարելի, ինչը միանգամայն գովելի է։ Բայց այն տարբերակով, որ ներկայացվում է օրենքի նախագիծը, հնարավոր չէ իրագործել դրանք։ Փոխարենն այն «կճնշի» օրենքի տառը պահպանող վարորդներին, իսկ վարորդների մյուս կեսին կմղի դեպի «սև շուկա»։ Մենք այս կանխատեսումն անում ենք՝ հիմք ընդունելով այլ երկրներում մեր ահռելի փորձը»,- ասված է ընկերության գրասենյակից ստացված պատասխանի մեջ։

Yandex-ում համոզված են, որ նույն նպատակներին հնարավոր է հասնել առավել պարզ եղանակներով, ինչը հավելյալ բեռ չի առաջացնի վարորդների համար և թույլ կտա նրանց շարունակել աշխատանքը։

Ի դեպ, ընկերությունն արդեն իսկ նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նախարարությանը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղել ջանքերը ոլորտի օրենսդրությունն արդիականացնելու ու առավել արդյունավետ դարձնելու համար։

«Մենք հավատում ենք և լիահույս ենք, որ նախագիծը ևս մեկ անգամ վերանայելով՝ նախարարությունը և Ազգային ժողովը կկարողանան ստեղծել այնպիսի օրենսդրություն, որը կնպաստի ուղևորափոխադրման շուկայի թե՛ թափանցիկությանը, թե՛ արդիականացմանը՝ շահեկան դիրք ապահովելով նաև Հայաստանի բոլոր անհատ տաքսիստների համար»,- ասված է Yandex.Taxi թիմի հաղորդագրության մեջ:

Ոլորտի մեկ այլ հայաստանյան ընկերություն՝ GG ընկերությունը ևս պատրաստակամություն է հայտնում աջակցել ոլորտի կարգավորմանը: GG թիմի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ամենակարևորն իրագործելի համակարգ ստեղծելն է, որը հնարավորինս պարզ կլինի և կաջակցի ոլորտի առաջընթացին:

«Տվյալ նախագծի մեջ ռիկսեր տեսնելու և խնդիրներ տեսնելու մասով` քանի որ սա դեռ նախագիծն է, մենք սիրով կաջակցենք իրագործելի լուծում ստանալու համար, և, այդ դեպքում, խնդրահարույց կողմերը կբացակայեն: Անպայման մեր կողմից լինելու է արձագանք և աջակցություն։ Հավատացած ենք, որ կլինեն կառուցողական քննարկումներ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հայաստանյան տաքսի ծառայութոյւնների ոլորտը կարգավորելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ՝ մի քանի օրենքներով, որոնք արդեն ներկայացվել են հանրային քննարկման:

Նոր օրենքով` բոլոր անհատ տաքսիստներին ու տաքսի ընկերություններին առաջարկվում է լիցենզավորվել և դրա դիմաց վճարել տարեկան 100 000 դրամ պետտուրք:

Տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ նախագիծը ձեռնտու է միայն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին, մինչդեռ անհատ տաքսիստներն ու տաքսի ծառայությունները դրանից տուժելու են:

Նրա համոզմամբ` անհատ տաքսիները լիցենզավորվելուց հետո կմտնեն այդ հարթակներ, ու կստացվի հսկայական կորպորացիա՝ մի քանի տասնյակ հազար վարորդներով, բայց օնլայն ընկերությունները, որպես տաքսի ծառայություն մատուցող, չեն հարկվի, հետևաբար, տաքսի ծառայությունները կհայտնվեն ծանր հարկային բեռի տակ ու դուրս կմնան մրցակցությունից , իսկ օնլայն հարթակները կշարունակեն աշխատել ու ավելի հզորանալ:

Yandex.Taxi ընկերությունը ոլորտի մասնագետի այս տեսակետը չի կիսում և նույնիսկ հակառակը՝ համոզված է, որ ներկայացված կարգավորումների արդյունքում առաջինը հենց օնլայն ծառայությունների շուկան է «մեռնելու»:

Բանն այն է, որ այս ընկերությունների հետ համագործակցող վարորդները դասական իմաստով տաքսու վարորդներ չեն, այլ այդ աշխատանքը կատարում են ազատ ժամերին՝ որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, հետևաբար, լիցենզիայի վճարի պատճառով կարող են նաև հրաժարվել այդ աշխատանքից:

Արդյունքում շուկայում օնլայն տաքսիները կնվազեն, գները կբարձրանան, պատվիրատուներն էլ կհրաժարվեն դրանց ծառայություններից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ոլորտի «մահվան»:

armeniasputnik.am