Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին. armeniasputnik.am

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են, բայց այն առաջվա նման խիստ չի լինի։ Երկրում կաշխատի հաստատությունների և ձեռնարկությունների մեծ մասը, կգործարկվի հասարակական տրանսպորտը։ Ինչպես էր ընթանում կյանքը արտակարգ դրության ընթացքում, ինչպես էին մեր հայրենակիցները սթրեսից ազատվում, ինչ էին պատվիրում, ուտում և դիտում մարտի 16-ից սկսած՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Սերիալները՝ որպես փրկություն

Արտակարգ դրության ժամանակ, ինչպես և սովորական օրերին, Google որոնման համակարգում ամենաշատը սերիալներ են փնտրել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Սերիալները միշտ էլ պահանջարկ ունեին։ Հիմնականում տեղական ֆիլմեր են փնտրել, բայց ինչ-որ պահի աճեց իսպանական «La casa de papel» սերիալի հանդեպ հետաքրքրությունը։ Փետրվարից սկսած՝ ակտիվորեն փնտրել են նաև կորոնավիրուսի հետ կապված ցանկացած տեղեկություն»,-ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ սերիալների պահանջարկն աճել է ամբողջ աշխարհում, դա պամանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն։ Բացի այդ՝ սերիալներն օգնում են ցրվել և մոռանալ սեփական խնդիրները։

Ամենափնտրվածներից է նաև համաշխարհային վիճակագրության Worldometers կայքը, որտեղ մարդիկ հետևում են աշխարհում կորոնավիրուսի գրանցված նոր դեպքերին։ Այս շրջանում նաև ակտիվորեն հետևել են պետական կայքերին, մասնավորապես՝ երբ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներն էր ընդունում։

«Հարցումները հիմնականում կապված են եղել օգնություն տրամադրելու հետ, սոցիալական ապահովության կայք հաճախ այցելել են սոցիալական աջակցության հայտ լրացնելու համար»,- նշեց Մարտիրոսյանը։

Հիմնական որոնումներում հայտնվել է նաև zoom-ը։ Փորձագետն ավելացրեց, որ պարբերաբար որոնել են նաև օրվա իրադարձությունները, ինչը նույնպես հատուկ է հայ օգտատերերին։ Հաջորդը YouTube-ի լրատվական կոնտենտն է։

Նպարեղենն է օգնո՞ւմ

Արտակարգ դրությունն ազդել է նաև ՀՀ քաղաքացիների սննդային նախասիրությունների վրա․ երկրի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչները հավաստիացրին, որ մարտի 16-ից մինչև այսօր սուպերմարկետներում ամենապահանջված մթերքներն են պահածոներն ու ձավարեղերենը։

«Մասնավորապես Նոր Զովք սուպերմարկետների ցանցը վաճառել է նպարեղենի չորս ամսվա պաշարը (հնդկաձավար, բրինձ, ոսպ և այլն)»,- մեզ հետ զրույցում ասաց սուպերմարկետի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց նաև, որ ամենաքիչը քաղցրավենիք են գնել։ Անգամ ստիպված են եղել տուփով կոնֆետների որոշ խմբաքանակ ոչնչացնել, քանի որ դրանք փչացել են՝ պահեստներում իրենց գնորդին սպասելով։ Եվ դա միանգամայն նորմալ է․ մարդիկ աշխատանքի և հյուր չեն գնում, նշանակում է՝ ավելի քիչ սուրճ են խմում և քաղցրավենիք չեն գնում։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ևս նշեցին, որ արտակարգ դրության օրերին ամենաշատը պահածոներ և նպարեղեն են գնել, մեծ պահանջարկ են ունեցել զուգարանի թուղթը, անձեռոցիկներն ու ախտահանիչները։

Շաուրման ու կարկանդակը օգնական

Արտակարգ դրությունը սկսվելուն պես փակվեցին հանրային սննդի բոլոր օբյեկտները, մի քանիսը սնանկացան, մյուսները շարունակեցին գործել առաքումով՝ առցանց պատվերների հաշվին։ Այստեղ ևս բնակչության նախասիրություններն ընդհանուր առմամբ տարբերվել են։ Օրինակ՝ Yeremyan Projects ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ մարտի 16-ից մինչև այսօր ռեստորաններից ամենից հաճախ ապուրներ են պատվիրել։

«Տարբեր ապուրներ, դժվարանում եմ որևէ տեսակ առանձնացնել։ Դդմապուր են պատվիրել, խարչո և այլն»,-նկատեց Գևորգյանը։

Պահանջարկի երկրորդ հորիզոնականում կաթնամթերքն է՝ պանրի տեսականի, սերուցք, թթվասեր։ Եռյակը եզրափակում են աղցանները։ Ընդ որում, ըստ Գևորգյանի, այս օրերին շաուրմայի, կարկանդակների և լանգետի մեծ պահանջարկ է նկատվել։

Ռեստորանների մեկ այլ՝ Margaryan Business Group-ին պատկանող խոշոր ցանցում, որը ևս առաքումներ է իրականացնում, ամենաշատը կոլեկտիվ ճաշատեսակներ են պատվիրել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Ելենա Կոժեմյակինայի խոսքով այս ընթացքում ամենաշատը մի քանի մարդու համար սթեյքեր, խորոված, բուրգերներ, աղցաններ և հոթ-դոգ են պատվիրել։

armeniasputnik.am