ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավտոմեքենայի վաճառից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում է բանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում:
Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ 2018թ-ի դեկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 1%: 2020 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 20.3%-ով, գյուղատնտեսական ուղղվածության վարկերը՝ 14.3%-ով: «Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն ավելի, քան երբևէ նախկինում, ոչ միայն վարկեր են վերցնում, այլ նաև ի վիճակի են նորմալ պատշաճ ձևով սպասարկել այդ վարկերը, ինչը նշանակում է, որ ունեցել են պատշաճ եկամուտներ»,-նկատեց Փաշինյանը:
«Արդշինբանկը» նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 միլիոն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր, որը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է: Այս թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում իր տեսակի մեջ լավագույնը և Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից արժանացել է «Տարվա գործարք» մրցանակին։
Վարչապետը հիշեցրեց, որ Եվրաբոնդերի թողարկման շատ հաջող դեպք կա: «Եվ այդ ժամանակ ասում էինք, որ Հայաստանի վարկանիշների բարձրացումը և Եվրաբոնդերի հաջորդ թողարկումը հնարավորություն կտա, որ Հայաստանի մասնավոր սեկտորի ընկերությունները նույնպես թողարկեն Եվրաբոնդեր և ներգրավեն միջոցներ: Եվ ահա, ունենք այսպիսի առաջին օրինակը»,-ասաց Փաշինյանն ու հույս հայտնեց, որ մյուս կազմակերպությունները ևս այդ ճանապարհով կգնան:
Աննա Գրիգորյան