Ինտերակտիվ ծրագրերը մեծացնում են թանգարանների հանդեպ հետաքրքրությունը. մասնագետը՝ ոլորտի մասին
Advertisement 1000 x 90

Ինտերակտիվ ծրագրերը մեծացնում են թանգարանների հանդեպ հետաքրքրությունը. մասնագետը՝ ոլորտի մասին

Կորոնավիրուսի տարածման պատճառով մշակութային հաստատությունները, այդ թվում թանգարաններն անցել են օնլայն գործունեության: Տարբեր թանգարանների տնօրեններ փաստում են, որ կարճ ժամանակամիջոցում քրտնաջան աշխատանքի արդյունքում զգալիորեն աճել է թանգարանների հետևորդների քանակը վիրտուալ տիրույթում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանների ոլորտի գլխավոր մասնագետ Ժաննա Մանուկյանը թանգարանների հանդեպ հետևորդների մեծ հետարքրքությունը պայմանավորում է օնլայն հարթակում իրականացվող բազմազն ու բազմաոճ ինտերակտիվ ծրագրերով, որոնք հետաքրքրասերներին հնարավորություն են տալիս անմիջականորեն մասնակցել այս կամ այն նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանն ասաց`երբ երկրում ստեղծվեց այս իրավիճակը, թանգարանային ոլորտի ներկայացուցիչները շատ մտահոգ էին ու փորձում էին հասկանալ, թե ինչպես է հնարավոր աշխատել, նախապես մշակված ծրագրերը մատուցել այցելուներին: «Նրանք շատ արագ ինքնակազմակերպվեցին և այն ծրագրերը, որոնք հնարավոր էր տանել վիրտուալ հարթակ, վերաձևակերպեցին ու ներկայացրին օնլայն տիրույթում՝ պահելով կապն այցելուների հետ: Պարզվում է, որ թանգարանների աշխատակիցների երևակայության թռիչքը մեծ է. օրեցօր նոր նախագծեր են մշակում, իրականացնում: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում նույնպես բազմաբովանդակ միջոցառումներ կլինեն»,-պատմեց Մանուկյանն ու տեղեկացրեց, որ տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ թանգարանների հետևորդներին առաջարկելով տանը ստեղծել իրենց սեփական թանգարանը, նկարահանել այն և տեսանյութերն ուղարկել իրենց սիրած թանգարաններին: Մայիսի 18-ին դրանք կհրապարակվեն տվյալ թանգարանների «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:

Մասնագետի խոսքով՝ եթե բնական պայմաններում մարդիկ այլ կերպ էին ընկալում թանգարանը, ապա վիրտուալ աշխատանքի արդյունքում և՛ արվեստասերների, և՛ հենց թանգարանի աշխատակիցների վերաբերմունքը թանգարան երևույթի հանդեպ փոխվել է: Մանուկյանը հույս հայտնեց, որ երբ այս իրավիճակը փոխվի, և թանգարաններն անցնեն բնականոն կյանքին, այցելուներ ընդունելուն զուգահեռ, կշարունակեն ծրագրերը նաև վիրտուալ տիրույթում:

Ժաննա Մանուկյանը դրական է գնահատում մեր թանգարանների աշխատանքն այս օրերին, բայց նշում է, որ կան ինչպես ակտիվ, այնպես էլ համեմատաբար պասիվ թանգարաններ, ինչը պայմանավորված է մարդկային և տեխնիկական հնարավորություններով: «Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ծրագրերը համակարգելիս տեսանք, որ, եթե նախորդ տարիներին, երբ թանգարանների դռները բաց էին այցելուների առաջ, ծրագրում ընդգրկվել էր 100-ից ավելի թանգարան, ապա այս տարի վիրտուալ հարթակում 60-ից ավելի թանգարան է մասնակցում տոնին: Նշանակում է՝ թանգարանների մեծ մասը տիրապետում է օնլայն գործիքներին»,-շեշտեց Մանուկյանը:

Խոսելով մարզային թանգարանների մասին՝ մասնագետն ասաց, որ մարզային թանգարանները վիրտուալ գործունեությամբ մի փոքր զիջում են մայրաքաղաքի թանգարաններին, քանի որ աշխատակիցներն ավելի քիչ են:

«Հուսամ՝ այս տարի թանգարանների յուրօրինակ ու բազմաբովանդակ ծրագրերի շնորհիվ արվեստասերներն այլ կերպ կբացահայտեն այս կամ այն թանգարանի աշխահը, իսկ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիան այս տարի տեղի կունենա նոյեմբերին»,-շեշտեց նա:

Թանգարանների միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մայիսի 18-ին։ Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

Անժելա Համբարձումյան



Նման նյութեր