Երևանի մանկապարտեզներում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը և երեխային պահող չկա, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունների հաշվարկով մայրաքաղաքում նման երեխաների թիվն այժմ 11 000 է:
«Երեխաներին մանկապարտեզ ընդունելուց առաջ ջերմաչափում է իրականացվելու, և խնդրում ենք ծնողներին համբերություն ցուցաբերել, քանի որ մեկ մուտքից առավոտյան 80-100 երեխա է մուտք գործելու»,- ասաց Վիրաբյանը:
Նա նաև հիշեցրեց, որ թեև նախապես հայտարարվել էր, որ մանկապարտեզները ևս աշխատելու են մայիսի 18-ից սկսած, բայց ավելի ու որոշվեց, որ ախտահանման աշխատանքների նպատակով դրանք կսկսեն գործել մայիսի 20-ից:
«Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ամեն օր՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ քանի դեռ մենք ապրում ենք համավարակի պայմաններում» ,- ասաց նա:
Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ մանկապարտեզներում սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար գործելու են սննդի նոր փաթեթավորման ավելի անվտանգ պայմաններ:
Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատակիցներին, նրանք, ովքեր կլինեն վատառողջ աշխատանքի չեն հաճախի, բայց կվճարվեն 100%-ով: Իսկ աշխատանքի հաճախողները պարտավոր կլինեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
«Սա մեզ համար նաև ինչ-որ առումով փորձություն է, ու այն աշխատակիցները, որոնք կփորձեն վտանգել երեխաների առողջությունը շատ արագ կհեռացվեն աշխատանքից»,- ասաց Վիրաբյանը: