««Կարոտը» Ազատ Հակոբյանի երգն է, որն առաջին անգամ լսել եմ Անի Քրիստիի կատարմամբ, հետո տեսել եմ Աննա Խաչատրյանի տեսահոլովակը, ինչպես նաև լսել եմ այդ նույնի երգը Վարդուհի Վարդանյանի մատուցմամբ. նրանք բոլորն էլ շատ լավ են կատարել: Երգի կյանքը շարունակական է լինում, երբ այն ամեն անգամ նորովի է կատարվում, ի վերջո, ամեն մեկս մեր ձևով ենք այն երգել: Կարծում եմ, որ Ազատ Հակոբյանի երգը սեփականացնելու կարիք չկա»,- Asekose.am-ին ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով «Կարոտ» երգը ներկայացնելուն:
Հիշեցնենք, որ «Կարոտը» բավական երկար ժամանակ կռվախնձոր էր Անի Քրիստիիև Աննա Խաչատրյանի միջև: Ուշագրավն այն է, որ Շուշան Պետրոսյանն օրերս համերգի ժամանակ նույնպես կատարել է տվյալ երգը, իսկ Աննա Խաչատրյանըպատահականությամբ կամ գուցե միտումնավոր հենց այդ օրը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր իր «Կարոտը» տեսահոլովակը, կարծես թե, ակնարկելով, որ, այնուամենայնիվ, երգն իրենն է: Ավելի ուշ արդեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Աննան հայտարարել էր հետևյալը. «Ինչ վերաբերվում է երգին, այո, բնականաբար, «Կարոտ»-ը իմ երգն է ու այդ առումով ինչ-որ մեկին հիշեցնելու կամ չհիշեցնելու հետ կապված խնդիր չունեմ: Հրապարակումս էլ Շուշանի ելույթից հետո ուղղակի համընկել է, կրկնվում եմ` ամսաթիվից ելնելով: Իրականում, եթե Շուշանին ցանկանայի ինչ-որ բան հասկացնել, հաստատ հրապարակայնորեն չէի անի դա, ես ուղղակի կզանգեի նրան ու կասեի այն, ինչ մտածում եմ, սակայն ես նման խնդիր չունեմ այս պարագայում»:
Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Աննա Խաչատրյանի այս մտքերը` նշելով, որ համաձայն չէ Աննա Խաչատրյանի` «իմ երգն է» արտահայտության հետ.
«Վարդուհի Վարդանյանի քույրն էր ինձ դիմել` խնդրելով ընտրել նրա երգացանկից որևէ մի երգ` հուշ-երեկոյին ներկայացնելու համար: Երգի մի տարբերակ առաջարկեց, որից հրաժարվեցի` ասելով, որ իմը չէ: Ապա առաջարկվեց «Կարոտը», ինչին էլ սիրով համաձայնվեցի, նույնիսկ կատակեցի` ասելով, որ շատ թիրախային երգ է, բայց ես սովոր եմ նման բաների: «Կարոտը», առհասարակ, շատերն են երգել: Իմ պարագայում ես ոչ տեսահոլովակ եմ նկարահանել դրա հիման վրա, ոչ էլ այլ նման մի բան, թեպետ դրա իրավունքը կարող եմ ունենալ, եթե Ազատ Հակոբյանի հետ պայմանավորեցնեմ: Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգից հետո էլ ինձ առաջարկել էին այդ երգը կատարել նաև Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված երեկոյին: Ոչ մի արտառոց բան չկա, մնացածն Աննա Խաչատրյանի մենախոսությունն է, դա արտիստի կարծիք է: Ես կարծում եմ, որ երգի կյանքը երկարում, ամեն անգամ նորովի է ծնվում, իսկ դա տեղի է ունենում ամեն մի նոր անդրադարձի ժամանակ:
Զրույցի ընթացքում Շուշան Պետրոսյանը հավելեց նաև, որ երգը մարդ կարող է համարել իրենը միայն այն ժամանակ երգ գնում է տվյալ երգը, իսկ Աննայի դեպքում «Կարոտը»-ի հետ կապված վստահ է, որ նման բան տեղի չի ունեցել.
«Եթե նա նշեր«իմ երգացանկ »բառը, գուցե կհասկանայի, բայց իմ երգը` չեմ հասկանում, որովհետև դա Ազատ Հակոբյանի երգն է: Ես ինքս էլ երգում եմ Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Մարտին Ահարոնյանի և այլոց երգերը: Դրանք իմ երգացանկում կան, բայց իմ երգերը չեն, բոլորինն են: Իսկ «Կարոտը» նվիրվում է բոլոր տարագիրներին, և յուրաքանչյուր հայ պարտավոր է երգել այդ երգը, ով, իհարկե, գիտի երգել»,-իր խոսքը Asekose.am-ին եզրափակեց Շուշան Պետրոսյանը:
Հավելենք նաև, որ Աննա Խաչատրյանը նաև նշել էր, որ ինքն անձամբ երբեք իր գործընկերների երգերը չի կատարում.
«Ես չեմ ուզում մեկնաբանել`արդյոք ինձ համար նորմա՞լ է, թե ոչ, երբ իմ երգը կատարվում է մեկ այլ երգչի կողմից, սակայն մի բան կարող եմ ասել` ինքս երբեք չեմ կատարել ու չեմ կատարելու իմ կոլեգաների, ընկերների երգերը, ինձ համար դա չգրված կանոն է»: