Ինչպես գրում է tert.am-ը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետ տեղի ունեցած հյուրասիրության լուսանկարները մեծ իրարարանցում են առաջացրել համացանցում: Ֆեյսբուքյան օգտատերերը լայնորեն քննադատում են իշխանության ներկայացուցիչներին, որոնք, ինչպես երևում է լուսանկարներից, մ կորոնավիրուսի համավարակի այս թեժ շրջանում չեն պահպանում վարակի տարածումը կանխարգելող կանոնները՝ չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ և ձեռնոցներ:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի բառով՝ ստախոսություն, անպատասխանատվություն, նախկինների հետ ջերմ հարաբերություններ, նախկինի շարունակականություն, օրենքից վեր լինելու զգացողություն,
Արցախի առավել անջատում Երևանից, ժողովրդի վրա թքած ունենալու հանդգնություն և անարգանք այսօրվա տնտեսական դժվարություններ կրողների նկատմամբ, առողջապահական ծայրահեղ անգրագիտություն, ընդհանուր կառավարման կանոնների ծայրահեղ անգրագիտություն»:
«Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են, բայց դեռ չգիտեն այդ մասին և վայելում են ժողովրդին ծաղրելու իրենց վերջին բերկրանքը»,- գրել է նա:
Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, անդրադառնալով լուսանկարին, հեգնանքով գրել է, թե այս պաշտոնյաները «սոցիալական պատասխանատվության ասպետներն» են, ապա ավելացրել, որ այսքանից հետո նրանք հայտարարում են, թե ժողովուրդն անլուրջ է վերաբերվում կորոնավիրուսին:
Թեմային անդրադարձել է նաև «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:«Նիկոլն այսօր ասում էր, որ ժողովուրդը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ճիշտ էր ասում։ Այդ ասելուց հետո գնաց Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։
Ու որ նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել, որովհետև հասկանում ես, որ մեկը հենց Նիկոլը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Իր կինն էլ չի գիտակցում։ Իրենց պահակազորն էլ։ Եւ իրենց շրջապատող մարդիկ էլ չեն հասկանում։
Սոցիալական դիստանցիան չի պահպանվում, դիմակները մեկ հագնում են, մե՛կ հանում, Արարատ Միրզոյանը ձեռքը դրել է բերանին, և այլն, և այլն, և այլն»,- գրել նա և ավելացրել. «Դուք ինչպե՞ս եք խոսում ժողովրդի «անհատական պատասխանատվությունից», եթե ինքներդ մեկ գրամի պատասխանատվություն չունեք նույնիսկ ձեր անձնական անվտանգության հարցերում»։
Պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանն էլ, թեմային անդրադառնալով, նույնպես հեգնել է: «Սոցիալական պատասխանատվություն, քաղաքացիական գիտակցություն և լրջություն»,- գրել է նա։
Ավելի մանրամասն՝ tert.am