Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առցանց նիստի շրջանակում ընդունվել է գլոբալ հրադադարի գաղափարին աջակցելու մասին փաստաթուղթ։
Նա տեղեկացրեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնության հեղինակները Ռուսաստանն ու Հայաստանն են։
«Հայտարարության մեջ հատուկ նշված է, որ հրադադարը չի կարող տարածվել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա», – ասաց Լավրովը։
Հիշեցնենք, որ մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրադադարի կոչ էր արել ամբողջ աշխարհում։ Նա ասել էր` ժամանակն է դադարեցնել ռազմական հակամարտությունները և կենտրոնանալ ընդհանուր մարտահրավերի` կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։