Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսի բուժման ընթացքում Հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ։ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը․
«Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։
Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ։
Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում էէլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում․ որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։
Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն ամիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց»: