ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս:
«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք:
Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նորայր Շողիկյան