Երվանդ Քոչարի թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահն աշխատում են նոր դիմակներ ստեղծելու ուղղությամբ, որոնք կհանրահռչակեն հայկական արվեստը և ոչ միայն։ Նախագիծը մշակման փուլում է. առաջիկայում նման դիմակներ կհանդիպենք նաև վաճառակետերում։
Դիմակների նախնական տարբերակների օրինակները հրապարակվել են Քոչարի թանգարանի Facebook–ի պաշտոնական էջում։
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնության հեղինակները նման հետաքրքրություն և պահանջարկ չէին սպասում։
«Մեզ մոտ ամեն ինչ դեռ մշակման փուլում է։ Նախ ուզում էինք հասկանալ, թե արդյոք մարդկանց կհետաքրքիր այս գաղափարը։ Այժմ ակնհայտ է, որ մեծ հետաքրքրություն կա, և մենք կփորձենք կյանքի կոչել այդ նախագիծը»,– ասաց na։
Հեղինակների մտահղացմամբ՝ դիմակները կդառնան այնպիսի աքսեսուար, ինչպիսին են շարֆերը, պայուսակները և այլն։ Դրանք նախատեսված կլինեն բազմակի օգտագործման համար։
Հայտնի նկարիչներից մեկի կտավով դիմակը հնարավոր կլինի կրել սովորական դիմակի վրայից։ Դա կլինի հետաքրքիր, ոճային ու թրենդային։
Նման նախագծի գաղափարն ամենևին էլ պատահական չէ։ Կորոնավիրուսային համավարակի պայմաններում թանգարանը դադարեցրել է աշխատանքը, և ահա, ղեկավարությունը որոշել է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել։
Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել
«Քոչարի արվեստը բազմաժանր է, և մենք որոշեցինք օգտվել դրանից»,– ընդգծեց թանգարանի տնօրենը։
Նմանատիպ «դիմակային» նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ազգային պատկերասրահը։ Facebook–ի պաշտոնական էջում աշխատակիցները կոչ են արել քաղաքացիներին ինքնաշեն դիմակներ պատրաստել` օգտագործելով #ՀԱՊԴիմակ հեշթեգով պատկերասրահում ներկայացրած կտավները։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը պայմանավորված է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով։
«Այսօր բոլորը դիմակ են կրում, իսկ մենք փորձում ենք մռայլ առօրյան տոնի վերածել, մարդկանց հույս ներշնչել, որպեսզի նրանք հավատան, որ այս ամենը կանցնի, սակայն արվեստը հավերժ է»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։ Քաղաքացիներրը պետք է դիմակ կրեն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, տաքսիներում և անձնական ավտոմեքենաներում։ Իշխանությունները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի կանխել երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։