«Երազանքի ճանապարհով» ՀԿ-ն 2018 թվականից մշտապես օգնել է Խարբերդում ապրող փոքրիկ Ալեքսի ընտանիքին: «Ամսվա մեջ երեք անգամ այցելում էինք այդ ընտանիքին, տեսնում նրանց, օգնությունը տալիս ու դուրս գալիս: Այս վերջին անգամ մենք Խարբերդում մի 200 ընտանիքի պետք է օգնեինք: Երբ Ալեքսենց տուն գնացինք, չտեսա Ալեքսին, նրա մայրիկից՝ Արաքսյայից, հարցրի՝ ուր է Ալեքսը, մայրիկն ասաց՝ տանը չէ, տատիկի մոտ է: Երկրորդ անգամ երկու շաբաթվա տարբերությամբ նորից գնացինք, էլի Ալեքսին չտեսա, հարցրի՝ բա Ալեքսն ուր է, մայրիկը նորից ասաց՝ տատիկի մոտ է: Երկու շաբաթ տարբերությամբ, որ էլի գնացինք Ալեքսենց տուն, նկատեցի, որ Ալեքսը պատուհանից նայում է ինձ ու ձեռքով անում: Մոտացա իր մայրիկին, հարցրի՝ Ալեքսն ուր է, էլի ասաց՝ տատիկի մոտ է: Այդ դուռը փակ էր, որտեղ Ալեքսին նկատեցի պատուհանից: Անմիջապես բացում ենք, տեսնում Ալեքսին, հարցնում եմ՝ Ալեքս, այստեղ ինչ ես անում, ասում է՝ մաման է ինձ էստեղ քնեցնում: Արաքսյային հարցնում եմ՝ ինչու է երեխուն էդտեղ քնեցնում, ասում է՝ չեմ քնեցնում: Տեսանյութում, որ կինը գոռում է, էդ կինը ոնց որ թե լիազորն է, ինքը մեզ օգնում է ընտանիքներ այցելելիս: Երբ այդ կինը գոռաց, Արաքսյան ասաց՝ տակը «չիշիկ» է անում, դրա համար ենք էստեղ գետնին քնեցնում:
Այդ օրը երեխուն հետս վերցրի, բերեցի մեր տուն: Հետո իր հայրիկը զանգեց, թե ուր է երեխես, հենց հիմա բեր: Ասացի՝ թող լողացնեմ, կերակրեմ, կբերեմ: Ասաց՝ լավ: Մի երկու ժամից նորից զանգեց՝ բա չես բերում: Մեր կամավորներից մեկը վերցրեց՝ բա թե կլինի այսօր մնա: Երեխեն չէր ուզում գնար, ընկել էր ոտքերս, ասում էր՝ մի տար, ինձ ծեծում են: Հայրիկն էլ՝ բա թե դու ով ես, որ իմ երեխեն մնա քո մոտ, ես հեսա կզանգեմ ոստիկանություն ու այդպես էլ արել էր, զանգել էր, բա թե Հերմինեն երեխուս գողացել է: Ոստիկանությունից զանգում են ինձ, ես ասում եմ՝ եկեք ես ձեզ ցույց տամ վիդեո, որ դուք պատկերացում կազմեք՝ Ալեքսն ինչ կարգավիճակում է»,-Aravot.am-ին պատմել է ՀԿ հիմնադիր Հերմինե Անդրյանը:
Ըստ նրա՝ այնպես չէ, որ Ալեքսի ընտանիքը լավ է ապրում, բայց այդ ընտանիքի մյուս երեք երեխաները, ի տարբերություն Ալեքսի, քնում էին կողքի սենյակում մահճակալների վրա: Ալեքսը Արաքսյայի առաջին ամուսնուց է, իսկ ընտանիքում կան Արաքսյայի եւ նրա ներկայիս ամուսնուց համատեղ ծնված եւս երկու երեխա, մի երեխա էլ Արաքսյայի ներկայիս ամուսնու նախկին կնոջից ծնված երեխա:
«Զատիկ» մանկատուն տեղափոխված փոքրիկ Ալեքսի հետ հիմա աշխատում են հոգեբանները, ըստ մեր զրուցակցի, կպարզեն նաեւ, թե արդյոք ֆիզիկական բռնություններից բացի՝ իր նկատմամբ սեռական բռնություն իրագործվե՞լ է, թե՞ ոչ:
Նա նաեւ ասաց, որ երեկ ոստիկանությունից ու քաղաքապետարանից այցելել են Ալեքսի ընտանիք, փորձ է արվում Արաքսյայից ու նրա ամուսնուց վերցնել նաեւ մյուս երեխաներին, որովհետեւ այնպես չէ, որ նրանց նկատմամբ կատարյալ խնամք է իրականացվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am