Հայաստանը 1 մլն բնակչին բաժին ընկող դեպքերի թվով անցել է հարևան Իրանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք 1 մլն բնակչին ընկող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները: Եվ ըստ էության հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Եվ այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 մլն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերվում: Տարածման այսպիսի տեմպը՝ անկախ նրանից, թե որքան տոկոսն է ախտանիշով և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի, նաև մահվան դեպքերի աճի»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը:
Վարչապետը հիշեցրեց, որ այսօր՝ մայիսի 29-ին, բակերում ՀՀ կառավարության անունից ԱԻՆ-ի ավտոմեքենաների միջոցով քաղաքացիները ստացել են ուղերձ:
Վարչապետը հորդորեց մարդկանց առանց դիմակի հաղորդակցվել միայն ընտանիքի անդամների հետ, բացառել ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ առանց դիմակի շփումը: Իսկ եթե անձը ընտանիքի անդամ է, բայց դրական ախտորոշում ունի կամ կոնտակտավոր է, կամ ունի որոշակի ախտանիշներ, այս պարագայում նույնիսկ ընտանիքի անդամների հետ չի կարելի շփվել առանց դիմակի և առանց սոցիալական հեռավորության պահպանման: Փաշինյանը հորդորեց կրել դիմակներ և դրանով փրկել հարյուրավոր կյանքեր:
«Շահարկումներին տեղ չտալու համար հստակ արձանագրում ենք, որ մենք որևէ մեկին չենք պարտադրում, կոչ չենք անում, որ պետք է օրը 3-4 դիմակ կրեն: Կարող եք տնային պայմաններում պատրաստել դիմակներ: Այսինքն՝ մեկ օրվա համար ունենալ 3-4 դիմակ, հետո օրվա վերջում տուն վերադառնալուց հետո ախտահանել, հետո հաջորդ օրը նույն կերպ օգտագործել»,-ասաց Փաշինյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները:
Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 դեպք:
Աննա Գրիգորյան