Վրաստանի Մառնեուլ քաղաքում բացահայտվել են վարորդների կողմից կարանտինային կանոների կոպիտ խախտումներ. նրանք ուղևորներին բաժանել են օգտագործված բժշկական դիմակներ: Այդ մասին հայտնել է Radio Marneuli-ն:
Մառնեուլում մինչև վերջերս գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: Տեղական ռադիոյի հաղորդմամբ՝ ուղևորներին չկորցնելու նպատակով վարորդները դիմակները բաժանելուց հետո խնդրել էին իջնելիս դրանք վերադարձնել: Դրանից հետո նույն դիմակները վարորդներն առաջարկել են այլ ուղևորների: Այս մասին պատմել է ուղևորներից մեկը:
Լրագրողները կապ են հաստատել «Էքսպրես Տուրիստ» ընկերության տնօրենի հետ, որը հաստատել է տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ վարորդներն արդեն ստացել են նկատողություն:
«Խնդիրը լուծված է, ես խոսել եմ նրանց հետ: Կարծում եմ՝ վաղվանից ամեն ինչ կարգին կլինի»,- հայտարարել է նա:
Այսօրվանից Վրաստանում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները վերսկսել են իրենց աշխատանքը: