Խարբերդում ապրող 7 տարեկան Ալեքսի պատմությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Տղայի մայրը, տատն ու խորթ հայրը պնդում են, որ իրենց խնդրի մեղավորը «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ի հիմնադիր Հերմինե Անդրյանն է, այնինչ վերջինս վստահեցնում է, որ ինքն ամեն կերպ օգնել է ընտանիքին։
Ալեքսի ընտանիքին օգնություն են տարել
Օրեր առաջ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց 7-ամյա Ալեքս Ստեփանյանի մասին պատմող տեսանյութը։ Խնդրի մասին ահազանգել էր «Երազանքի ճանապարհով» սոցիալ-բարեգործական ՀԿ-ին պատկանող «Օգնենք կարիքավոր երեխաներին» ֆեսբուքյան էջը։ Խոսվեց, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում ապրող երեխային պարբերաբար նվաստացնում են, քնում է սառը բետոնի վրա, օրերով քաղցած է մնում: Աղմկահարույց պատմությունը հուզեց հազարավոր մարդկանց, արձագանքեցին մի շարք հանրային դեմքեր, և երեխան տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։
Sputnik Արմենիան այցելել էր Ալեքսի ընտանիքին, զրուցել Ալեքսի մոր, խորթ հոր ու տատիկի հետ։ Նրանք կատարվածի ամբողջ մեղքը բարդել էին «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ի հիմնադիր Հերմինե Անդրյանի վրա։ Ընտանիքի հետ զրույցից հետո Sputnik Արմենիան փորձել էր կապ հաստատել Հերմինե հետ, սակայն չէր հաջողվել։ Հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, այդ թվում՝ Հերմինեն, և նա մեզ հետ զրույցում հայտնեց՝ ունի բոլոր ապացույցները, որ ընտանիքը ստում է։
Հերմինեի խոսքով՝ ընտանիքի տատիկի՝ Հռիփսիմեի հետ ծանոթացել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նա թոռանը տարել է դպրոց։
«Սեպտեմբերի 1-ին ընդունված է, որ երեխաները նոր հագուստով դպրոց գնան, բայց երբ աչքս ընկավ Հռիփսիմեի թոռան պատռված կոշիկներին, սիրտս լցվեց, մոտեցա տատիկին և հարցրի` որտե՞ղ են բնակվում, ի՞նչ պայմաններում, նա էլ ասաց, որ եթե մի տուն ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, ո՛չ կոմունալ հարմարություններ, անգամ լույս ու ջուր չունի, ի՞նչ պատմի։ Իրենց տուն հրավիրեց, որ սեփական աչքով ամեն ինչ տեսնեմ»,- պատմեց Հերմինեն։
Նույն օրը ՀԿ-ի հիմնադիրն այցելել է ընտանիքին։ Տեսել է, որ իսկապես տունը ո՛չ դուռ ունի, ո՛չ պատուհան, լոգարան ու սանհանգույց չկա, լույս չունեն, իսկ ջուրը ստիպված են դույլերով կրել բավականին հեռվից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am