Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցել է Էդուրադ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:
«Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»,-ընդգծված է միության գրառման մեջ:
Էդուարդ Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում: 1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1972 թվականից` նույն կինոստուդիայի դոկումենտալ ֆիլմերի բաժնում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտը: Որպես կինոռեժիսոր և կինոօպերատոր հանդես է եկել ավելի քան 70 ֆիլմում, որոնցից են «Երգում է Ռոզի Արմենը», «Սուրեն Սպանդարյան», «Հայերը երգի աշխարհում», «Մաեստրո», «Ռեքվիեմ», «Քանդակագործ Արա Հարությունյան» և այլն: