Ռուսաստանի ընկերությունների 25%-ը մտադիր է աշխատակիցների նվազագույնը 20%-ին հեռակա տարբերակով պահել նաև կորոնավիրուսի համավարակից հետո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին օրինագիծը մշակելու ընթացքում հաշվի են առնվել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համավարակը հայտարարելուց ի վեր։ Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ արդեն ապրիլի կեսին ընկերություններում աշխատող ռուսաստանցիների14%-ն ամբողջովին անցել են աշխատանքի հեռակա տարբերակին։ Ընդ որում՝ զգալիորեն աճել է հեռակա աշխատատեղերի քանակը՝ աշխատաշուկայի ակտիվության նվազեցման ընդհանուր ֆոնին։
«Մի կողմից, այն, ինչն արդեն այսօր է կատարվել, թույլ է տալիս որոշակի եզրահանգումների գալ․ ակնհայտ է, որ ընկերությունները նույնիսկ համաճարակի սուր փուլի՝ համավարակի ավարտից հետո շարունակելու են կիրառել հեռակա ձևաչափը։ Ձեռնարկությունների մեկ քառորդը նախատեսում է,որ իրենց աշխատակիցների առնվազն 20%-ը շարունակելու են հեռակա աշխատել»,- ասել է նա։
Նշենք՝ առաջին ռուսական ընկերությունը, որը հրապարակային կերպով հայտարարել է, որ ամբողջ ամառ հեռակա տարբերակով է աշխատելու, Mail.ru Group-ն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դոբրոդեևն ավելի վաղ ասել էր, որ հոլդինգը մտածում է, որ աշխատակիցների մի մասը մշտապես հեռակա տարբերակով աշխատի։
Մայիսի 12-ին ՌԴ տարածաշրջանները սահմանափակումները աստիճանաբար հանելու իրավունք են ստացել։ Իսկ մայիսի 27-ն Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանափակումների հանելու երկրորդ փուլին։