Գյումրիում թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը։
Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել են դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ: