Իբուպրոֆենը, որը հակաբորբոքային և ցավազրկող միջոց է համարվում, կարող է լուծել նաև շնչառական խնդիրները: Նման կարծիք են հայտնել Լոնդոնի London’s Guy’s and St Thomas’ hospital հիվանդանոցի և Թագավորական քոլեջի բժիշկները:
Liberate անվանումը ստացած հետազոտության ընթացքում պացիենտների կեսը, որոնք կորոնավիրուսի դեմ բուժում են ստանում, կստանան իբուպրոֆեն: Ենթադրվում է, որ փորձին կմասնակցի 230 կամավոր:
Ավելի վաղ կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ իբուպրոֆենը կարող է բուժել սուր շնչառական դիսթրես համախտանիշը՝ կորոնավիրուսի բարդացումներից մեկը, հաղորդում է BBC-ը:
Պանդեմիայի սկզբում մասնագետները մտավախություններ ունեին, որ իբուպրոֆենը կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ, որոնց մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի: Մտավախություններն ուժգնացել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեր Վերանը գրել է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպես օրինակ իբուպրոֆենը, կարող է խորացնել վարակը, և խորհուրդ է տվել պարացետամոլ օգտագործել:
Սակայն ավելի ուշ մարդու համար դեղամիջոցների հարցով հանձնաժողովը (Commission on Human Medicines) եզրակացության է եկել, որ ինչպես իբուպրոֆենը, այնպես էլ պարացետամոլը, անվտանգ են կորոնավիրուսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս թեթև ախտանիշների դեպքում նախ պարացետամոլ ընդունել: Իբուպրոֆենը հակացուցված է որոշ հիվանդություններ, այդ թվում ստամոքսի խոց ունեցող մարդկանց: