«Ես Անուշ Պետրոսյանն եմ, ապրում և աշխատում եմ Գերմանիայում, և այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է անցնում սովորական քաղաքացու կյանքը Գերմանիայում՝ կորոնավիրուսի պայմաններում»,- այս խոսքերով, իր համար մի փոքր անսովոր, բայց մեր խնդրանքը չմերժելով է օրը սկսում Անուշը։ Նա սեղմում է իր հեռախոսի «REC» կոճակն ու նոր միայն սկսում իր առօրյան՝ դառնալով մեր ունկնդիրների աչքերը Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ գողտրիկ քաղաքի փողոցներում։
Գերմաներենի մասնագետ մեր հայրենակցուհին Գերմանիայում ձեռք է բերել ևս մեկ հետաքրքրական մասնագիտություն, որի մասին կպատմի ավելի ուշ, իսկ հիմա վերհիշում է Հայաստանում ունեցած լրագրողական փորձառությունը՝ հարցազրույց վարելով իր բակում գտնվող քաղաքի միակ «Ֆլորա» վեգան-սրճարանի տիրուհու հետ։ Գործարար Անկան պատմում է, թե ինչ վնասներ է կրել իր բիզնեսը կորոնավիրուսային մի քանի շաբաթների ընթացքում։
Ամբողջությամբ՝ armradio.am