Հանգամանքների բերումով ստիպված եղա Կորոնավիրուսի տեստ հանձնել։ Միանգամից ասեմ, որ արդյունքը բացասական էր ու անցնեմ գրառման բուն թեմային։
Փորձանմուշը վերցնելու համար տուն էին այցելել մեկ համակարգող ու մեկ, ենթադրում եմ, բուժքույր։ Հենց իր մասին էլ ուզում եմ պատմել։
Բուժքույրի հագին հատուկ համազգեստ էր` սպիտակ հաստ կոմբինեզոն, վրայից ստերիլ սինթետիկ խալաթ, կարծեմ ռետինե փակ կոշիկներ, հատուկ դիմակ, ձեռնոց, դեմքին շլեմ։
Մայրիկիս տարիքի կին կլիներ։
Էստեղ մանրամասնեմ, որ ես ապրում եմ առանց վերելակի շենքի 6-րդ հարկում ու տուն բարձրանալուց շունչս փչում եմ արդեն 4-րդ հարկի կողմերում, իսկ իր հագին թվարկածը, ձեռքին նմուշների մեծ պայուսակը, դրսում էլ +30:
Մի խոսքով, երբ դուռը բացեցի, հասկացա, որ լավ չի ֆիզիկապես։ Ծանր հեւում էր, չէր կարողանում խոսել։ Մի 5-6 րոպե պահանջվեց, որ շնչառությունը վերականգնվի առանց դիմակը հանելու։ Իսկ ես էդ ընթացքում կարող էի միայն կանգնած նայել, թե ինչպես էր շունչը կտրվում, որովհետև նույնիսկ մի բաժակ ջուր առաջարկելը, ինչը առաջ հոգատարության նշան էր, հիմա վտանգավոր է ու չի կարելի։
Մի խոսքով, հանգստացավ ինչքան հնարավոր էր, նմուշները վերցրեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք ու բաժանվեցինք։ Ավելի ուշ ես ստացա բացասական պատասխանս ու անցա առաջ։ Իսկ էդ կինը դեռ երկար ցուցակ ուներ այցելելու երեկ, այսօր, վաղը ու բոլոր հաջորդ օրերի ու շաբաթների ընթացքում։
Վերջ էսքանը։
Ուղղակի սա թողնում եմ էստեղ ու հուսով եմ, որ բոլորը, ովքեր կկարդան, հաջորդ անգամ դիմակը հանելուց, տրտնջալուց կամ անվտանգության կանոնները խախտելուց էդ կնոջը ու իր նման տասնյակներին կհիշեն մեր անվերելակ շենքերը էս շոգին շնչակտուր մագլցելուց, պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում մեզ օգնելուց։ Եկեք չավելացնենք իրենց գործը։ Մենք հո անխիղճ չենք:
Անխիղճ չենք, չէ՞։
Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից: