Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող) 1,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
«Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ»,- հայտնում են ՊՈԱԿ-ից:
Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված՝ ճանապարհահատվածը փակ է: Վարորդներին խորհուրդ է տրվում տվյալ ճանապարհահատվածը շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մ10 ավտոճանապարհով: