Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12 364 դեպք, որոնցից 3720-ը` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 66 674 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
Ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 190 (ավելացել է ևս 7-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այլ պատճառներով մահվան ելքների ընդհանուր թիվը 69 է:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Աննա Գրիգորյան