Իսկ դուք գիտեք, որ Վանի թագավորության ժամանակաշրջանում Արարատյան դաշտի` ՈՒազա երկրի աստվածուհիներից էր համարվում Անիկուն /կարող էր հնչել նաև` Հանիկո կամ Անիկո/:
Այդ մասին կարծես թե հուշում է Ռուսա Արգիշթորդու Զվարթնոցի ուրարտական արձանագրության տեքստի մի հատված, որտեղից տեղեկանում ենք, որ Անիկուին կով են զոհաբերել: Այս աստվածուհին հիշատակվում է նաև Ռուսա Էրիմենայորդու Գյովելեքի և իր կրկնօրինակ Հավաձորի արձանագրություններում:
Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Անիկուի պաշտամունքը տարածվել է նաև Վանա լճից արևելք ընկած շրջանում: