COVID-19 կորոնավիրուսային վարակը, սեզոնային ալերգիան և մրսածությունը հաճախ դրսևորվում են միանման ախտանշաններով, և երբեմն շատ բարդ է տարբերել դրանք:
Cleveland Clinic-ին կից Գլխի և պարանոցի ինստիտուտից բժիշկ Մայքլ Բենինգերի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, չոր հազը, թթվածնի պակասը, շնչառության հետ կապված խնդիրները, փորլուծությունը, մկանային ցավը, համի և հոտի կորուստը և ցավերն ամբողջ մարմնում:
webmd.com-ի հաղորդմամբ՝ այդ ախտանշաններից մի քանիսը հատուկ են նաև մրսածությանն ու սեզոնային ալերգիային, սակայն ոչ ջերմությունը կամ փորլուծությունը: Մասնագետի խոսքով, եթե դուք չունեք ջերմություն, շնչառության հետ կապված խնդիրներ կամ փորլուծություն, ապա ձեզ մոտ, ամենայն հավանականությամբ, մրսածություն կամ ալերգիա է:
Փռշտալն ալերգիային կամ մրսածությանը հատուկ ախտանշան է, սակայն մեկը մյուսից տարբերելը հնարավոր է ուրիշ ախտանշանների շնորհիվ: Այսպես, ալերգիկ ռեակցիայի դեպքում աչքերում կարող է զգացվել քոր, ինչը սովորաբար չի նկատվում մրսածության դեպքում: Իսկ հազը սովորաբար ավելի հատուկ է մրսածությանը, եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում ալերգիկ ասթմայի դեպքում դիտարկվող հազին:
Շնչառության հետ կապված դժվարությունները, թթվածնի պակասն ախտանշաններ են, որոնք ասոցացվում են կորոնավիրուսի հետ, սակայն երբեմն դրանք կարող են լինել ասթմայի նախանշաններ, որը կարող է սրվել տվյալ սեզոնի ընթացքում: Եթե ձեզ անհանգստացնում են այդ ախտանշանները, սակայն միևնույն ժամանակ դուք չեք ջերմում, հավանական է, որ ձեզ մոտ հենց ասթմա է, պնդում է Բենինգերը: