Վիշապների պատկերագրությունը Հայկական լեռնաշխարհի առավել հարազատ պաշտամունքային խորհրդանիշներից է, որը սկզբնապես տարածում է գտել հնագիտական հուշարձաններում` քարակոթողների տեսքով։ Ենթադրվում է՝ Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) և ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Կերտվել են միակտոր քարից՝ (հիմնականում բազալտ) ձկան՝ ( լոքո) տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով:
Վիշապները սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում Է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։ Ըստ Մանուկ Աբեղյանի վիշապները նվիրվել են սիրո աստվածուհուն՝ Աստղիկ դիցուհուն։ Գրիգոր Ղափանցյանի կարծիքով դրանք խորհրդանշել են մեռնող և հարություն առնող աստվածությանը՝ Արա Գեղեցիկին:
«Վիշապ» բառը՝ համաձայն լեզվաբանների ունի իրանական ծագում, բունը vešāp, ավեստերեն višāpa։ Արմատն է «վիշա», թույն:
«Վիշապ» բառն այսպես է մեկնաբանում Մովսես Խորենացին.
Աժդահակ – «Յիշելով այլաբանաբար և զզարմիցն Աժդահակայ, վիշապազունս զնոսա կոչելով, զի Աժդահակդ՝ ի մեր լեզուս է վիշապ»:
Աժդահակը բարդ բառ է՝ վիշապ Դահակ։ Խորենացին փաստորեն թարգմանել է առաջին բաղադրիչը՝ að «օձ»։ Հնդեվրոպական նույն արմատից է հայերեն իժ-ը։ Վիշապ բառը նախապես ունեցել է «մեծ օձ (ջրային)», նաև «կետ» իմաստները (Արմ)։ Հայերենի բարբառներում վիշապ-ը (օշափ, ուշափ, յուշապ) նշանակում է «առասպելական հրեշ, դև, հրեշային մեծությամբ մարդ (կենդանի)»։
Ուշադրության արժանի է «ի մեր լեզուս է վիշապ» հատվածը։ Խորենացին իրանական ծագում ունեցող բառը համարում է հայերեն։
ատճառը թերևս այն է, որ այն արդեն 5-րդ դարում (գուցե և շատ վաղուց) «յուրացված» փոխառություն էր, որը գիտակցվում էր որպես հայերեն։
Զբոսավար Հասմիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջից: