«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախորդ օրը վարչապետը գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):
«Մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2 000 մահճակալ այս խնդրի համար։ Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի՝ որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)»,- նշել էր Փաշինյանը:
Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4 099-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 70 000 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 211 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 72 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Լիլիթ Դեմուրյան