Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Ջիգարխանյանի հարազատներին է մեղադրել դերասանի առողջական վիճակի վատթարացման համար:
Հունիսի 8-ի առավոտյան լրատվամիջոցները գրել էին, որ 81-ամյա դերասանին հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածի պատճառով, բայց ավելի ուշ դերասանի մտերիմ ընկերը հերքել էր այդ լուրը, նշելով, որ Ջիգարխանյանն ընդամենը հիվանդանոցում պետք է բուժզննում անցներ։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում ասել է, որ Ջիգարխանյանի մտերիմները չեն հասկանում, թե ինչ է պետք դերասանին։
«Չպիտի նրա ապրելակերպը, կենցաղը փոխեին, չնայած դրան` նրան տեղափոխում էին վարձակալված բնակարաններ, փոխում խնամակալներին:Նա երկու տարի չի ներկայացել թատրոն, ամեն օր տանն էր, դա նույնպես հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման»,- ասել է դաշնակահարուհին:
Նա վստահ է, որ իրենց ամուսնալուծությունը բացասաբար ազդեց Ջիգարխանյանի առողջության վրա։ Պնդում է, որ նույնիսկ այժմ, իրենց ամուսնալուծությունից երկու տարի անց, անհանգստացած է դերասանի առողջությամբ, սակայն Ջիգարխանյանի հետ շփվելու հնարավորություն չունի: Նրա խոսքով` հարազատները դերասանից վերցրել են հեռախոսը:
«Ամուսնալուծությունից հետո նա շատ ավելի տանջվեց, քան ես, որովհետև նրա կյանքը խորտակվեց: Նա ինձ հետ առողջ էր ու ակտիվ»,-ասել է Վիտալինան:
Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։
Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից։
Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։