Որոշ հիվանդությունների մասին Դուք կյանքում չեք լսել, եթե, իհարկե, Դուք բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց հետ մարդը կարող է բխվել և դրանց մասին չիմանալ:
NEWS.am Medicine-ի նոր խորագրում ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել և ինչ անել, եթե վարակվել եք:
Այսօրվա թեման կորոնավիրուսային վարակ COVID-19 է: Ընդամենը մի քանի ամիս առաջ այս հիվանդության մասին դեռ ոչ ոք չէր լսել, այն այսօր ամենաքննարկվող թեման է ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի COVID-19-ի մասին.
Ի՞նչ է COVID-19-ը
Վարակիչ հիվանդություն, որի հարուցիչն է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկվեց COVID-19-ը: Այն հաշված ամիսների ընթացքում տարածվեց աշխարհի այլ երկրներում և վերածվեց գլոբալ պանդեմիայի:
Մինչ այդ հայտնի էին այլ կորոնավիրուսներ, որոնցից որոշները կարող են մարդու մոտ ոչ մեծ ռեսպիրատոր վարակներ առաջացնել, օրինակ՝ սեզոնային ՍՇՎ, այլ կորոնավիրուսներ կարող են հանգեցնել ավելի լուրջ ախտաբանական վիճակների զարգացման, օրինակ՝ մերձարևելյան ռեսպիրատոր համախտանիշ և ծանր սուր ռեսպիրատոր համախտանիշ:
Փոխանցման ուղիները
Նոր կորոնավիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդու կողմից հազի, փռշտոցի միջոցով կամ նրա հետ զրույցի ժամանակ:
Հնարավոր է վարակվել նաև մարդկանցից, որոնք հիվանդության որևէ ախտանիշ չունեն: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սոցիալական հեռավորություն պահպանել և դիմակ կրել:
Հնարավոր է նաև վարակվել՝ դիպչելով առարկաներին և մակերեսներին, որոնց վրա կարող են կուտակվել վիրուսներով կաթիլները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չդիպչել դեմքին և անընդհատ լվանալ ձեռքերը օճառով կամ մշակել հակասեպտիկ միջոցներով:
Ախտանիշներ
COVID-19-ի հիմնական ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, չոր հազ և հոգնածություն: Սակայն վերջերս նշվում են նաև այլ ախտանիշներ, օրինակ՝ հոտառության կորուստ, մկանային ցավ, հոդացավ, լուծ, ցան, ձեռքերի և ոտքերի մատների վրա մաշկի գույնի փոփոխություն:
Վարակվածների մեծամասնության մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի: ԱՀԿ տվյալներով՝ պացիենտների 80 տոկոսն ապաքինվում է առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Սակայն 5 դեպքերից 1-ը ծանր ընթացք ունի: Պացիենտների մոտ զարգանում է թոքաբորբ, թթվածնաքաղց և այլ բարդացումներ: Ռիսկը մեծ է հատկապես տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, օրինակ՝ սրտի և թոքերի հիվանդություն, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, քաղցկեղ:
Սակայն մասնագետները հիշեցնում են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել յուրաքանյուրը, նույնիսկ՝ երիտասարդ և առողջ մարդիկ:
Ռիսկի խմբեր
Ինչպես նշեցինք, ռիսկը մեծ է տարեցների և ուղեցկող քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:
Երեխաներն ու չափահասները քիչ հակված են բարդությունների զարգացման ռիսկին, սակայն նրանք ևս պետք է զգույշ լինեն:
Բացի այդ, որոշ երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման հետևանքով կարող են զարգանալ Կավասակիի հիվանդություն հիշեցնող ախտանիշներ:
Պաշտպանություն
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է հետևել հիգիենայի կանոններին: ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել:
Հասարակական վայրերում խորհուրդ է տրվում դիմակ կրել: Ցանկացած մակերեսի դիպչելուց հետո ձեռքերը պետք է պարտադիր լվանալ կամ ախտահանել սպիրտ պարունակող միջոցներով:
Հազի կամ փռշտոցի ժամանակ խորհուրդ է տրվում բերանը փակել կտորով, ապա այն նետել և լավանալ ձեռքերը:
Ախտորոշում
Նոր կորոնավիրուսի ախտորոշման ժամանակ ընդունվում են անալիզներ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով: Կան նաև էքսպրես թեստեր, սակայն դրանց արդյունքները քիչ ճշգրիտ են:
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի ախտորոշման համար կիրառվում են ռենտգեն կամ ԿՏ:
Բուժում
Այսօր աշխարհում բազմաթիվ հետազոտություններ են անցկացվում դեղամիջոց գտնելու ուղղությամբ: Հիվանդանոցներում հաճախ սիմպտոմատիկ բուժում է իրականացվում, ինչպես նաև կիրառվում են դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունը դեռ չի ապացուցվել:
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա, սակայն ամբողջ աշխարհում լաբորատորիաներում աշխատում են դրա ստեղծման ուղղությամբ:
Վերջաբանի փոխարեն
COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի կամ էլ ծանր ընթացք ունենալ: Այսօր չկա կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, որի արդյունավետությունը ապացուցվել է: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել բոլոր կանոնները:
Վարակվելուց խուսափելու համար պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել հասարակական վայրերում և հետևել հիգիենայի կանոններին