Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19-ով կասկածվող 417 պացիենտից կատարվել է նմուշառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապօգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի»,- հայտնում են առողջապահության վարչությունից:
Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված թվով 1 187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով։
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հորդորում է գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 75 389 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք: Արձանագրվել է մահվան նաև 82 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Լիլիթ Դեմուրյան