«Ֆեյսբուք»-ի իր էջում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրել է.
«Քիչ առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս գրվեց կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին և ասաց, որ իր նկատմամբ շատ ուշադիր են եղել և որ նման հոգատար բժշկություն ինքը ոչ մի տեղ չի տեսել:
Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորագավիթում, շատերին է բժշկական օգնություն ցուցաբերել: Բացի դա, նաև դերձակի մասնագիտություն ունի և իրեն բուժող բժիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել:
Իսկ թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում:
Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատ բժշկական կենտրոնից դուրս գրվեց ներկաների ծափերի ներքո, իսկ հիվանդանոցի բակում նրան սպասում էին հարազատները»: