Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հոր՝ Քրիսի ծննդյան 65-ամյակը։ Այդ առիթով նա Instagram-ի իր էջում ոճային լուսանկար է հրապարակել, որում հայր և որդի Օհանյանները սև կոստյումներով են և լայն ժպտում են։
«Դու միշտ եղել ես իմ կողքին և սատարել ես ինձ։ Շնորհակալ եմ, որ հաշտվեցիր լավագույն դերձակին այցելելու մտքի հետ, որպեսզի դառնաս իմ «ազաբը»։ Ես քեզ ավելի եմ գնահատում, քան կարող ես պատկերացնել»,- լուսանկարին կից գրել է Ալեքսիսը։Նա նշել է, որ կցանկանար անձամբ շնորհավորել, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով դա հնարավոր չէ անել։
Ալեքսիսը հավելել է, որ հոր թոռնուհին՝ փոքրիկ Օլիմպիան, անհամբեր սպասում այն պահին, երբ «կբռնացնի» պապիկին քնած ու կարթնացնի նրան։ Հավանաբար, դա պապիկի ու թոռնիկի սիրելի խաղերից է։
Հրապարակումը միավորել է Ալեքսիսի ամբողջ «ամերիկահայ շրջապատին»։ Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը սրտի և տորթի «էմոջիներ» է տեղադրել։
«Սիրուններ»,- գրել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։
Բազմաթիվ շնորհավորանքներ են գրել նաև Ալեքսիսի հետևորդներն ու ջերմ բարեմաղթանքներ հղել Օհանյան ավագին։
Հիշեցնենք՝ Ալեքսիս Օհանյանը 2017 թվականի սեպտեմբերին ամուսնացել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Օլիմպիան։
Ամերիկահայ բիզնեսմենը երկու անգամ պատմական հայրենիք է այցելել։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստանից ու երկրի մասին գրառումներ ու հրապարակումներ է անում։
Ավելի վաղ Օհանյանը խոստովանել էր, որ պատմական հայրենիք կատարած իր առաջին այցը շրջադարձային դարձավ իր համար։