Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 (ավելացել է ևս 13-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 85, 73, 74, 55, 83, 71, 84, 76, 59 տարեկան տղամարդիկ և 61, 69, 59, 60 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան