Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության ներքո: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մնացած 1800-ը հիվանդանոցային պայմաններում են: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են և 23 մարդու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- ասաց փոխնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է:
Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք:
Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է։