Մարզումներ, առողջ սնունդ եւ ալկոհոլից հրաժարում. Հրապարակվել է քաղցկեղի կանխարգելման նոր գայդը
Advertisement 1000 x 90

Մարզումներ, առողջ սնունդ եւ ալկոհոլից հրաժարում. Հրապարակվել է քաղցկեղի կանխարգելման նոր գայդը

Ամերիկյան ուռուցքաբանական միությունը թողարկել է քաղցկեղի կանխարգելման նոր գայդը (ուղեցույց): Նախորդ փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են վերջին տարիների գիտական հայտնագործություններով: Նոր փաստաթղթին կարելի է ծանոթանալ CA: A Cancer Journal for Clinicians-ում:

Փոփոխություններ են կատարվել ուղեցույցի բոլոր մասերում, հայտնում է medportal.ru-ն: Օրինակ՝ ամերիկացի ուռուցքաբանները նախկինում խորհուրդ էին տալիս շաբաթական 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Իսկ հիմա նրանք պնդում են, որ ծանրաբեռնվածությունը պետք է մեծացնել՝ շաբաթական համապատասխանաբար մինչև 150-300 կամ 75-150 րոպե: Ցանկալի է շաբաթական ֆիզիկական ակտիվության 300 րոպեն:

Դրանից բացի, անցյալում ուռուցքաբանները հանձնարարում էին հետևել առողջ, առավելապես բուսական սննդակարգի, որն օգնում է առողջ քաշ պահպանելուն: Նրանք խորհուրդ էին տալիս ավելի քիչ ուտել կարմիր ու վերամշակված միս, ավելի հաճախ ուտել բանջարեղեն ու մրգեր՝ օրական 2,5 չափաբաժնից ոչ պակաս, ինչպես նաև ընտրել հատիկավոր, այլ ոչ թե ռաֆինացված մթերքներ:

Հիմա հանձնարարականներում շեշտը դրվում է սնունդի առողջ պատերնների վրա:

«Չկա ոչ մի մթերք կամ նույնիսկ մթերքների խումբ, որոնք զգալիորեն կնվազեցնեին քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գիտական ընթացիկ տվյալներն աջակցում են որոշակի սննդարար նյութերից անցումը դիետիկ պատերնների ավելի ամբողջական հայեցակարգերին: Մարդիկ մթերքներ են ուտում, այլ ոչ թե սննդարար նյութեր, և ապացույցները վկայում են, որ սնունդի առողջ պատերնները կապված են քաղցկեղի նվազման հետ, մասնավորապես՝ հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի»,- ասել է Ամերիկյան ուռուցքաբանական միության փոխնախագահ Լորա Մարկոֆը:

Առողջ պատերնները նշանակում է, որ անհրաժեշտ է օրվա ընթացքում ուտել մթերքներ, որոնք հարուստ են սննդարար նյութերով, ընդ որում՝ այն քանակությամբ, որը թույլ է տալիս պահպանել առողջ քաշ: Առողջ սնունդը, ինչպես նախկինում, ներառում է մեծ քանակությամբ տարբեր մրգեր և բանջարեղեն, լոբազգիներ և հատիկավորներ: Առողջ պատերնների մեջ չեն ընդգրկվում կարմիր և վերամշակված միսը, քաղցր ըմպելիքները և ուլտրավերամշակված մթերքները:

Փոխվել են նաև ալկոհոլի վերաբերյալ հանձնարարականները: Անցյալում ընդունված էր կարծել, որ ցանկալի է դրա գործածումը սահմանափակել՝ կանանց համար մինչև օրական մեկ ստանդարտ չափաբաժին և տղամարդկանց համար՝ մինչև երկու: Իսկ հիմա մանագետները պնդում են, որ ավելի լավ է ալկոհոլից ընդհանրապես հրաժարվել:

med.news.am