Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասն ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
Գյումրեցիների կազմում երկրորդ գոլը հեղինակեց նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն, որի համար այս հանդիպումը հոբելյանական 100-րդն էր «Շիրակի» կազմում։
Ուդոն հայաստանյան կարիերան սկսել է դեռ 5 տարի առաջ՝ խաղալով «Արարատի», «Ուլիսի», «Ուրարտուի» ու «Շիրակի» կազմում։
ArmSport-ը հոբելյանական խաղի, Հայաստանի առաջնության, ֆուտբոլային կարիերայի և այլ հարցերի մասին զրուցել է 24-ամյա կիսապաշտպանի հետ։
-Հաղթեցիք «Նոային» ու բարձրացաք 2-րդ հորիզոնական։ Տպավորություններդ ինչպիսի՞ն են խաղից։
-Հիանալի խաղ էր։ Թիմային խաղ դրսևորեցինք ու շատ լավ աշխատանք կատարեցինք։ Ինձ դուր եկավ, որ բոլոր տղաները կենտրոնացած էին խաղի վրա, ու այն շատ լավ ստացվեց։
-Ի՞նչ կասես գոլիդ մասին․ խաղը պահեստայինների նստարանից էիր սկսել։
-Այո, պահեստայինների նստարանին էի ու երբ մտա դաշտ, գոլ խփեցի։ Այս պահին գոլ խփելն իսկապես մեծ նշանակություն ուներ, քանի որ իմ պաշտոնական 100-րդ խաղն էր «Շիրակի» կազմում։ Հիացած եմ։
-Կամփոփե՞ս «Շիրակի» կազմում անցկացրածդ 100 խաղերը։
– Մարտահրավերներով լի խաղեր էին՝ շատ հաղթանակներով ու որոշ վայրէջքներով։ Ամեն դեպքում, հիանալի փորձ էր։ Իսկապես ուրախ եմ այս խաղին մասնակցելուս համար։
-Որո՞նք էին այդ վայրէջքները։
-Այն խաղերը, երբ մենք բացահայտ ձևով պիտի հաղթեինք, բայց ամեն ինչ պլանավորածի պես չընթացավ։ Բայց, ամեն դեպքում, իմ ապշեցուցիչ մարզչի ու հիանալի թիմակիցներիս շնորհիվ առաջ ընթացա։
-2015 թվականից խաղում ես Հայաստանում։ Ինչպե՞ս էիր այդ ժամանակ հայտնվել Երևանի «Արարատում»։
-Գործակալս կապվել էր ինձ հետ, ասել, որ Երևանի «Արարատից» դիտել են խաղերիս տեսանյութերն ու տպավորված են։ Ես էլ ընդունել էի առաջարկը։
-Ինչպե՞ս էիր քեզ զգում «Արարատում»։ Կամփոփե՞ս հայաստանյան կարիերադ։
-Այն, իսկապես, ինձ դուրս բերեց իմ հարմարավետության գոտուց։ Հիանալի փորձ էր, որի ընթացքում շատ դասեր քաղեցի։ Խաղացածս բոլոր թիմերը մի նմանություն ունեին․ քրտնաջան աշխատելը։ Մեզ քաջալերում էին, որ քրտնաջան աշխատենք ու ողջ ընթացքում հետևենք արդյունքին։
-Ինչո՞ւ 2016-ին հեռացար «Շիրակից»։
-Նոր փորձ ձեռք բերելու համար։
Ամբողջությամբ՝ armsport.am