
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։
Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։
Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ: