Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել NEWS.am–ի՝ «Գարիկ Սարգսյանի հերթական կիքսը. մարզպետը չի՞ տարբերում «մաքուր» աշխատավարձը «կեղտոտից»» վերտառությամբ հոդվածի առնչությամբ, արդյունքում ավելի անհարմար դրության մեջ է հայտվել։ Հիշեցնենք, որ NEWS.am–ն, ուսումնասիրելով Արարատի մարզպետի հայտարարագիրը, նկատել էր, որ մարզպետը, որպես Արարատի մարզպետարանից ստացած եկամուտ հայտարարագրել էր 15 մլն 468 հազար դրամ գումար, ինչը կասկածի տեղիք էր տվել։
Հայտարարագրից ստացվում էր, որ 2019թ. ընթացքում նա մյուս մարզպետներից 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել, սակայն մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավոր է, որ այս տվյալները Գարիկ Սարգսյանի հերթական կիքսի արդյունքն են։ Գրել էինք, որ ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետը հայտարարագրել է ոչ թե «մաքուր» աշխատավարձը, այլ «կեղտոտը»՝ հարկերը ներառյալ։ Փաստորեն մարզպետի ֆինանսական գիտելիքների մասին մեր պատկերացումները չափացանցված էին։ Իսկ այսօր ահա մարզպետը խոստովանեց, որ իր աշխատավաձին գումարվել է իր ստացած սպառողական վարկը։
«Թե բա կիքս… Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։
Ընդամենը 4 մլն. դրամ սպառողական վարկը գումարվել է 2019թ. իմ ստացած աշխատավարձին և դրա արդյունքում ստացվել է այս թիվը։….»
Հետաքրքրական է, որ պետական պաշտոնյաներից որևէ մեկը մինչ օրս «չէր ֆայմել» ստացած վարկը գումարել պետական աշխատավարձին և այն ներկայացնել, որպես աշխատանքի վարձատրություն, քանի որ քիչ թե շատ գրագետ ցանկացած պաշտոնյա սպառողական վարկը տարբերում է աշխատավարձից և գիտի, որ վարկից ստացած եկամուտը պետք է լրացնել առանձին տողով։ Հակառակ դեպքում ստացվում է, որ Արարատի մարզպետարանը Գարիկ Սարգսյանին վարկ է տրամադրել աշխատավարձի հետ մեկտեղ։
Գործող իշխանությունները խոսում են հապշտապ և համատարած հայտարարագրման մասին, երբ նույնիսկ բարձրաստիճան պետական պաշտոնյաները ի վիճակ չեն ճիշտ լրացնել այն: