Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն այսուհետ կկարողանան առկա ուսուցմամբ կրթություն ստանալ բուհում` միանգամից երկրորդ կուրս նստելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։
«Քոլեջների շրջանավարտների` բուհերում կրթությունը շարունակելու կարգում փոփոխություն է արվել։ Նախկինում քոլեջների շրջանավարտները կարող էին բուհ ընդունվել և երկրորդ կուրս նստել միայն հեռակա ուսուցմամբ, ինչն այնքան էլ արդար չէր մի շարք ուսանողների դեպքում։ Խնդիրն այն է, որ կան մասնագիտություններ, որոնց մասով հեռակա նախատեսված չէ, օրինակ, բժշկական, արվեստի և սպորտի ոլորտում»,- ասաց Աղբալյանը։
Նրա խոսքով` ընդունելության կարգում փոփոխություն կատարելով` այժմ հավասար պայմաններ են դրվում հեռակա և առկա ուսուցում ունեցող մասնագիտությունների գծով։ Աղբալյանը հայտնեց, որ կան ենթակարգավորող նորմեր, որոնք կարգավորում են գործընթացը, քանի որ, օրինակ, քոլեջից բուհ անցնելու ժամանակ սովորած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
Այս փոփոխությունը, ըստ Աղբալյանի, առաջին հերթին բխում է հենց ուսանողների շահերից։
Հարցին, թե արդյոք ուսանողները հավելյալ քննություննե՞ր են հանձնելու, Աղբալյանը պատասխանեց` ոչ։ Մրցույթ կհայտարարվի, որի հիման վրա էլ շրջանավարտների ընտրություն կկատարվի` հաշվի առնելով առաջադիմությունը։
Ի դեպ, դիմորդը կարող է մի բուհի կազմում գտնվող քոլեջն ավարտել ու ընդունվել բոլորովին այլ բուհ. միայն թե «մասնագիտական համընկնումներ» են պետք։ Այս դեպքում անհրաժեշտ է միայն, որ տվյալ քոլեջի և բուհի միջև կնքված պայմանագիր լինի, ինչպես նաև պետական որակավորման հանձնաժողովի եզրակացություն, ըստ որի` շրջանավարտը կարող է ընդունվել բուհի երկրորդ կուրս` առկա կամ հեռակա ուսուցմամբ։
Աղբալյանը հայտնեց` որոշումը քննարկվել է բուհերի հետ։ Բուհերը շահագրգռված են այս հարցում, քանի որ տարեցտարի ուսանողների թվի պակաս է գրանցվում, և սա բուհերի ֆինանսական բացը լրացնելու հնարավորություն է տալիս։
Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ նշեց` ողջունելի փոփոխություն է, քանի որ նախկինում հեռակա և առկա սովորողների միջև կար արհեստական խոչընդոտ, որը հաղթահարվեց։ Բացի այդ, ըստ նրա, նախկինում մեկ պետական տեղի համար, օրինակ, կարող էր 2-3 անձ հավակնել, և որևէ կարգավորում չկար, թե ում պետք է նախապատվություն տրվի։ Իսկ հիմա հնարավորություն է տրվում, որ այդ տեղերի համար ընդունելությունը կազմակերպվի մրցութային կարգով։
«Սա կրթությունը շարունակելու և մեկ տարի շահելու լավ հնարավորություն է բարձր առաջադիմություն ունեցողների համար։ Բացի այդ, որոշումը ևս մեկ դրական կողմ ունի` մեկ անգամ ևս հիշեցնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություն–բուհ կապի մասին և ասում` եթե քոլեջում լավ սովորես, կարող ես շահել։ Սա նաև խրախուսում է, որ քոլեջներում կրթության որակը բարձրանա»,–ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` մյուս կողմից, այն շրջանավարտները, որոնք նույնպես ունեն բարձր առաջադիմություն, սակայն մրցույթից դուրս են մնում, անհավասար պայմաններում են հայտնվում։ Սակայն, ըստ մասնագետի, փոփոխության արդյունքում դրականն ավելի շատ է, քան` բացասականը։ Մխիթարյանը նշեց, որ փոփոխության արդյունքում քոլեջների վարկն էլ կբարձրանա, քանի որ անընդհատ խոսվում է, որ այնտեղ գնում են վատ առաջադիմություն ունեցող դպրոցականները։
Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` բուհ ընդունվելու համար նախատեսված է միայն մեկ քննություն։