
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈւ 75 զինծառայող երեկ մեկնել է Մոսկվա։ Անձնակազմն արդեն տեղում է, համապատասխան բուժզննում է անցել և պատրաստ է զորահանդեսին: Զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- ասաց Ստեփանյանը:
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա կգտնվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նորայր Շողիկյան