ՀՀ ԱԺ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթը ներկայացրեց երկու լեզվով՝ հայերեն ու եզդիերեն՝ հայրենով դիմելով Թուրքիայի կողմից բռնության ենթարկվող իր ազգակիցներին:
«Վերջին շրջանում Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Ափնի շրջանում, որտեղ բազմաթիվ եզդիական գյուղեր կան: Թուրքիան ու Թուրքիային հարող ռազմական ուժերը սպանում են եզդիներին, ավերում եզդիական սրբավայրերն ու ստիպում կրոնափոխ լինել, եզդի աղջիկներին ստիպողաբար ամուսնացնում են մուսուլմանների հետ»,- ասաց նա:
Բաքոյանը հայտնեց նաև, որ անցած գիշեր Իրաքի Սինջարի նահանգում թուրքական կործանիչները ռմբակոծել ու բազմաթիվ հարվածներ են հասցրել Սինջար լեռան ուղղությամբ, որտեղ նույնպես եզդիներ են բնակվում: Զոհերի թիվը, նրա խոսքով, հստակ չէ և այս պահին դեռ ճշտվում է:
«Եզդիները շուրջ 6 տարի դիմակայում են ցեղասպանության հետևանքով հարկադիր տեղահանումներին: Շուրջ 6 տարի փախստականների ճամբարներում ապրելուց հետո անցած շաբաթ մոտ 200 եզդի ընտանիք որոշեցին վերադառնալ իրենց բնակավայրեր: Բայց Թուրքիայի կողմից եզդիներին ուղված սպառնալիքը ոչ միայն չի վերանում, այլև ավելի լայնամասշտաբ է դառնում»,- նշեց նա:
Եզդի պատգամավորն ԱԺ ամբիոնից միջազգային հանրությանը կոչ արեց իրենց ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդրի վրա ու ապահովել ցեղասպանություն վերապրած եզդիների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր: