Արտասահմանում գտնվող 1-ին դասարանցիների ծնողներն ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենան իրենց երեխային կամ երեխաներին գրանցել ՀՀ դպրոցներում։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Համակարգը չի փակվում ամբողջ տարվա ընթացքում, որովհետև երեխայի կրթության իրավունքը պետք է հնարավոր լինի իրացնել ցանկացած պահի։ Այս պահին, ծնողներն իրավունք ունեն գրանցելու երեխաներին մինչև սեպտեմբեր ամիսը, այնուհետև, եթե տարվա ընթացքում կունենանք դեպքեր, երբ մարդիկ կժամանեն Հայաստան և կարիք կունենան երեխային գրանցել որևէ դպրոցում, ապա համակարգը կաշխատի և հնարավորություն կընձեռի»,- նշեց Անդրեասյանը։
Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով․ արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։
Լիլիթ Դեմուրյան