«Հակառուսական դիրքորոշում չունենք». ՀՌԱՀ նախագահը` հեռուստաընկերությունների մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Հակառուսական դիրքորոշում չունենք». ՀՌԱՀ նախագահը` հեռուստաընկերությունների մասին. armeniasputnik.am

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը երբեք հակառուսական դիրքորոշում չի ունեցել և չունի։ Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա պատասխանում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Հայաստանում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման առնչությամբ իր հայտարարությունների մասին հարցին:

«Ես երբեք և ոչ մի անգամ չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ միայն տեղեկատվական և լեզվական անվտանգության մասին»,– նշեց Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ աշխարհի ցանկացած երկրում ելնում են այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա հեռուստահեռարձակողների թիվը գերազանցում է տեղական հեռուստաալիքների թվին, ապա դա լեզվական և տեղեկատվական որոշակի սպառնալիք է ստեղծում:

«Ես այս խնդիրը մեր ռուսաստանցի գործընկերների հետ  քննարկել եմ և՛ այստեղ, և՛ Մոսկվայում: Բնականաբար, մենք տարաձայնություններ ունենք, կան տարբեր մոտեցումներ, բայց մենք արդեն սկսել ենք  ստեղծել համագոյակցության համատեղ տեղեկատվական մոդել, և նրանց հետ ոչ մի խնդիր չունենք: «Ռոսկոմնադզորը» համաձայնել է ստորագրել մեր առաջարկած հուշագիր, որը մեծ թվով խնդիրներ է լուծում»,- ասաց ՀՌԱՀ ղեկավարը:

Նա նաև նշեց, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իր տեսլականի մասին արտահայտվելիս ներկայացնում է բացառապես իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը, և ոչ մի դեպքում երկրի ղեկավարության: Տիգրան Հակոբյանը չպարզաբանեց, թե ինչպես է հնարավոր, որ ՀՌԱՀ դիրքորոշումը չհամընկնի դրա անդամներին նշանակող իշխանությունների տեսակետին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Տիգրան Հակոբյանը հայտնել էր` Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ իր հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի։

armeniasputnik.am