Հայաստանում հունիսի 19-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19 157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 91 943 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 319 (ավելացել է ևս 10-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 54, 72, 80, 67, 82, 94, 57 տարեկան տղամարդիկ և 57, 83, 50 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան