55 քաղաքացիներից ավելի քան 40 միլիոն դրամ հափշտակած, իսկ նախկին աշխատավայրում խարդախություն կատարած և մոտ 10 միլիոն դրամ յուրացրած Աննա Սահակյանն ազատության մեջ է։ Դատարանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել մոտ ամիս ու կես առաջ վճարված 5 միլիոն գրավի դիմաց։
Նախորդ տարի հայաստանյան զբոսաշրջային շուկայում փոթորիկ բարձրացավ։ «Travelan» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Սահակյանը մի քանի տասնյակ քաղաքացիներից հանգստի տարբեր փաթեթների համար գումարներ էր ստացել, բայց նրանք այդպես էլ հանգստի չէին մեկնել։ Փոթորիկն ավելի ուժեղացավ, երբ պարզվեց՝ Աննան խաբեությամբ առաջին անգամ չի զբաղվում. նախորդ աշխատավայրից՝ «Երևան Թրավել»-ից հեռացվել էր ընկերությանը մոտ տասը միլիոն դրամի վնաս պատճառելու համար։ Մայիսին հայտի դարձավ, որ նրան կալանավորել են։
Աննայի՝ ազատ արձակվելու մասին տուժողները նոր են իմացել։ Այն բանից հետո, երբ Աննայի գործունեությունը ծանոթացրեց այս մարդկանց, messenger-ում զրույցի խումբ են բացել, որտեղ փոխանցում են գործով հայտնի դարձած բոլոր նորությունները, միմյանց մխիթարում և այլն։ Հենց այս խմբի անդամներից մեկին էլ ասեկոսեներ էին հասել, թե Աննան արդեն մի քանի ամիս է՝ ազատության մեջ է։ Sputnik Արմենիան Աննա Սահակյանի «ճակատագիրը» փորձեց նախ պարզել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով։ Պարզվեց՝ դատարանը դեռ ամիսներ առաջ բավարարել է փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և 15 միլիոն գրավ սահմանել։ Սակայն Աննան շարունակել է կալանքի տակ մնալ՝ գրավը չվճարելու պատճառով։ Փաստաբանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով նվազեցնել գրավի չափն ու սահմանել 3 միլիոն դրամ, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 միլիոն դրամ գրավ սահմանելով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աննա Սահակյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը նշեց, որ Աննան արդեն մոտ մեկուկես ամիս է՝ ազատության մեջ է։ 5 միլիոն դրամը վճարելու համար Աննայի հարազատներն են միավորվել, գումարը հավաքել։ Ասում է՝ միևնույնն է, դա վերադարձվող գումար է, կարևոր է, որ այս պահին Աննայի առողջական վիճակը չվատթարանա։
Ինչպես նշված է Սահակյանի դատական գործում, նա հաշվառված է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում «Ալերգիկ դերմատիտ» ախտորոշմամբ, որը սրացման փուլում է։ Փաստաբանի խոսքով՝ հիվանդությունը չի խանգարի աշխատել, քանի որ նա անգլերենի մասնագետ է, աշխատանքը լեզվի հետ է կապված լինելու։ Ասում է՝ գրավի միջնորդությունը բավարարելու և Աննային ազատության մեջ մնալու հնարավորություն տալու իր հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այս դեպքում Աննան կկարողանա աշխատել և գոնե մասնակի մարել տուժողներին պատճառված վնասները։ Փաստաբանի տեղեկություններով՝ մի քանի օրից Աննան սկսելու է աշխատել։ Նրա խոսքով` եթե արդեն տուժողներից մեկ-երկուսի հետ կապ չի հաստատել, ապա առաջիկա օրերին կկապվի որոշակի գումար փոխանցելու համար։
«Մեր նպատակն է, որ սկսի շուտ աշխատել, մարդկանց գումարն արագ վերադարձնի։ Փորձում է մինչև դատաքննության ավարտը հնարավորինս շատ գումար վերադարձրած լինի։ Որքան մենք կարողացանք տուժողների գումարները վճարել, այնքան մեր վիճակը դատական ակտ կայացնելիս կարող է ավելի բարենպաստ լինել»,- ասում է Կարեն Քալանթարյանն ու հավելում, որ մինչ այս արդեն իսկ ընտանիքը ունեցվածք, բնակարաններ է վաճառել՝ Աննայի կուտակած պարտքերը մարելու համար, բայց խոսքը մեծ գումարների մասին է։
«Ծանր հանցագործություն է, խուսափելու բան չկա։ Հույս էլ չկա, եթե մինչև դատական ակտը տուժողների հարցերը զգալիորեն լուծված չեղան, բացի այդ նաև վստահություն չեղավ, որ այս մարդը «փակվում է»։ Սա ժամանակատար գործընթաց է, բայց Աննան «փակվելու» է»,- ասում է փաստաբանն ու անկեղծորեն նշում՝ իր փաստաբանական կարիերայում սա այն դեպքերից է, երբ անհասկանալի է, թե մարդն ինչպես է այս վիճակին հասնում։ Շեշտում է՝ Աննան լավ ընտանիքից է, հայրը՝ պետական ծառայող է, մայրը` ուսուցչուհի, ինքն էլ է ուսուցչուհի, լավ կրթություն է ստացել։
«Ես որոշակի կասկածներ ունեմ, բայց ընդհանուր դեռ անհասկանալի է»,- ընդգծում է պաշտպանը։
Աննա Սահակյանից խաբված զբոսաշրջիկները նրա՝ ազատության մեջ գտնվելու լուրը ստանալուց հետո խիստ վրդովված են։ Նախ բողոքում են, որ թեպետ գործով տուժող են ճանաչված, բայց չեն ծանուցվել, որ նրան գրավի դիմաց ազատ են արձակում։ Տուժած զբոսաշրջիկներից մեկը Աննա Հայրապետյանն է։ Նա ամուսնու և 1 տարեկան որդու՝ Անրիի հետ 2019 թվականի մայիսի 21-ին պիտի մեկներ Եգիպտոս․ 9-օրյա հանգստի փաթեթի համար 1100 դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարել էր «Travelan» տուրիստական ընկերության աշխատակից տնօրեն Աննա Սահակյանին, բայց, բնականաբար, չէր մեկնել։ Աննա Հայրապետյանը նշում է, որ տուժած մյուս զբոսաշրջիկների հետ մտածում են միավորվել և բողոք ուղարկել դատարան։ Ասում է՝ փաստաբան չունեն, որովհետև արդեն իսկ բավականին մեծ գումարներ են կորցրել, փաստաբանի ծառայությունները լրացուցիչ ծախսեր էին առաջ բերելու։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am